Հողը

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in բնագիտություն, Uncategorized | Posted on March 21, 2023

Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն է: Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հողն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց: Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստությունը: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: Հողը հաճախ ենթարկվում է  քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր:
Հողի քայքայում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ ուժեղ քամին է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:

Բույսերն իրենց արմատներով հողը պահում են լվացումից ու քամուց:  Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում: Մյուս կողմից՝ բույսերն անընդհատ հողից սնունդ վերցնելով՝ պակասեցնում  են նրա բերրիությունը: Որպեսզի հողի բերրիությունը պահպանվի, մարդիկ  այն պարարտացնում են:
Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության: Հողի գլխավոր հատկանիշը բերրիությունն է՝ բերք  տալու կարողությունը: Տարբեր վայրերում տարբեր հողատեսակներ կան: Տարբեր է նաև դրանց բերրիությունը:
Որքան շատ է հողում հումուսի քանակը, այնքան բերրի է հողը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան  հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար:
Երկրի  վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք  է պահպանենք այդ հարստությունը:

Հարցեր
1Փորձենք պարզել, թե ինչի՞ց է կազմված հողը:

Write a comment

Skip to toolbar